1 Kings 22
1 Երեք տարի ապրեցին, և պատերազմ չկար ասորիների և Իսրայելի միջև։
2 Եվ երրորդ տարում Հուդայի Հոսափատ թագավորն իջավ Իսրայելի թագավորի մոտ։
3 Եվ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամովթ-Գաղաադը մերն է, իսկ մենք անհոգ ենք այն ասորիների թագավորի ձեռքից վերցնելու համար»։
4 Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։
5 Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, հիմա հարցրո՛ւ, թե ի՛նչ է ասում Տերը»։
6 Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։
7 Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ էլ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից էլ հարցնենք»։
8 Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, բայց ես ատում եմ նրան, որովհետև բարի բան չի մարգարեանում ինձ համար, այլ չար. Հեմլայի որդի Միքիան է»։ Եվ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
9 Իսրայելի թագավորը կանչեց իր պալատական ծառային և ասաց. «Շտապ բե՛ր Հեմլայի որդի Միքիային»։
10 Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը, թագավորական զգեստներ հագած, նստել էին յուրաքանչյուրն իր գահին՝ Սամարիայի դռան առջևի կալում, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։
11 Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։
12 Եվ բոլոր մարգարեները մարգարեանում էին այդպես՝ ասելով. «Գնա՛ Ռամովթ-Գաղաադ, և կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։
13 Եվ այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան այսպես ասաց. «Ահա մարգարեները միաբերան նպաստավոր են խոսում թագավորի համար. թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի պես լինի, և դո՛ւ էլ նպաստավոր խոսիր»։
14 Եվ Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. Տերը ինչ որ ասի ինձ, այն եմ խոսելու»։
15 Եվ նա եկավ թագավորի մոտ, և թագավորն ասաց նրան. «Միքիա՛, Ռամովթ-Գաղաադ պատերազմի գնա՞նք, թե՞ չգնանք»։ Եվ նա ասաց. «Գնա՛, գործդ կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։
16 Եվ թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ երդվել տամ քեզ, որ Տիրոջ անունով ինձ միայն ճշմարտությունն ասես»։
17 Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։
18 Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ չար»։
19 Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսի՛ր Տիրոջ խոսքը. ես տեսա՝ Տերը նստած էր իր գահին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա առաջ՝ նրա աջ ու նրա ձախ կողմը։
20 Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։
21 Եվ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առաջ և ասաց. “Ես նրան կխաբեմ”։ Եվ Տերը նրան ասաց՝ ինչպե՞ս։
22 Նա էլ ասաց. “Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում կդառնամ սուտ ոգի”. և Տերն ասաց. “Դու կխաբես և կարող էլ ես. գնա՛ և այդպե՛ս արա”։
23 Արդ, Տերը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարեների բերանում. Տերը չարիք է խոսել քեզ համար»։
24 Այդ ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, ապտակեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ինչպե՞ս է Տիրոջ Հոգին հեռացել ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»։
25 Միքիան էլ ասաց նրան. «Ահա կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։
26 Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրո՛ւ Միքիային, տա՛ր քաղաքագլուխ Ամոնի և թագավորի որդի Հովասի մոտ
27 և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։
28 Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։
29 Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը ելան գնացին Ռամովթ-Գաղաադ։
30 Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Ես պետք է ծպտվեմ և հետո գնամ պատերազմ, բայց դու հագի՛ր քո հանդերձները». և Իսրայելի թագավորը ծպտվեց ու գնաց պատերազմ։
31 Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։
32 Եվ հենց որ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Անշուշտ, նա է Իսրայելի թագավորը». և դարձան դեպի նա, որ պատերազմեն նրա դեմ, և Հոսափատն աղաղակեց։
33 Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չի, այդ ժամանակ ետ դարձան նրանից։
34 Բայց մի մարդ պատահաբար քաշեց իր աղեղը և զարկեց Իսրայելի թագավորին՝ նրա զրահի օղակների միջով. և թագավորն ասաց իր կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվեցի»։
35 Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։
36 Եվ երբ արեգակը մայր էր մտնում, մունետիկը ման էր գալիս բանակի մեջ՝ ասելով. «Ամեն մարդ՝ իր քաղաքը և ամեն մարդ՝ իր երկիրը»։
37 Եվ թագավորը մեռավ ու բերվեց Սամարիա, և թագավորին թաղեցին Սամարիայում։
38 Եվ կառքը լվացին Սամարիայի ջրավազանի մոտ, և շները լակեցին նրա արյունը, և պոռնիկները լվացվեցին այնտեղ՝ Տիրոջ խոսքի համաձայն։
39 Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
40 Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։
41 Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։
42 Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։
43 Եվ նա գնաց իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով, չխոտորվեց նրանից և արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։
44 Սակայն Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։
45 Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։
46 Հոսափատի մնացած գործերի և նրա արած քաջության ու պատերազմի մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
47 Եվ այն բոլոր իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերից, նա բնաջնջեց երկրից։
48 Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։
49 Հոսափատը Թարսիսի նավեր շինեց, որ գնան Ոփիր՝ ոսկու համար, բայց տեղ չհասան, որովհետև ջարդվեցին Գասիոն-Գաբերում։
50 Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հոսափատին. «Թող իմ ծառաները նավերով գնան քո ծառաների հետ». բայց Հոսափատը չհամաձայնվեց։
51 Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա որդի Հովրամը թագավորեց նրա փոխարեն։
52 Աքաաբի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի վրա՝ Սամարիայում, Հուդայի թագավոր Հոսափատի տասնյոթերորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։
53 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու իր մոր ճանապարհով և Իսրայելին մեղանչել տված Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։
54 Եվ պաշտեց Բահաղին ու երկրպագություն արեց նրան և բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն՝ ամբողջովին իր հոր արածին հետևելով։